«Հասկեր»-ի մանկավարժական գրադարան
Ակսէլ
Արստալ
Ինչ է հետաքրքրում և զարգացնում մանկան
Թարգմ. Ստ. Լիսիցեանի
Թիֆլիս, Սպարան «Հերմէս», Ծադաթեան փող. տ. 5
1907թ
Խաղալիքներ
Մանուկների առաջին խաղալիքը ի հարկէ զնագզնգանն է: Սակայն դրա փոխարէն կարելի է վերցնել բանալիների կապոցը և առհասարակ ամեն զնգզնգացող իր:
Այդ տեսակ խաղալիքներով երեխաները սկսում են հետաքրքրւել արդեն 5-6 ամսւաց հետո: Մանուկը սիրում է մանաւանդ յատակի վրա շպրտել դրանց. մայրը կամ դայեակը վերցնում բարձրացնում է, մանուկը կրկին շպրտում է, ուրախ-ուրախ աղաղակելով ամեն մի վայր ձգելուն, և այդ խաղը կարող է անվերջ տևել, առաջացնելով մանկան մեջ անզուսպ, յաղթական մի ծիծաղ:
Փոքրիկ մանկան ամենասիրելի խաղալիքներն են այնուհետև - ռետինէ կենդանիները, ծվացող տիկնիկները: Ի նկատի առնելով, որ մանուկները սովորութիուն ունեն ամեն բանի «համը տեսնել», հարկաւոր է խոյս տալ սև, ամուր ռետինից շինած և պայծառ գոյներով ներկւած խաղալիքներից: Ամենաանվնաս խաղալիքները կարմիր, փափուկ ռետինից շինած խաղալիքներն են, որոնք ծծումբ չեն պարունակում:
Փոքրիկ մանուկների համար պէտքական են նաև գոյնզգոյ փոքրիկ գնդակներ, որ ռետինէ թելով կախ են անում օրորոցի գլխեն այնպէս, որ երեխան կարողանայ նրանց ձեռներով բռնել. յետոյ նոյնպէս «փափուկ» տիկնիկներն և չթէ, կամ զամշէ կենդանիները` բուսական խաւով, մամուռով կամ սղոցւածքով լցւած: Բրդով կամ մազով ծածկւած կենդանիները անպէտք են, կրկին այն պատճառով, որ փոքրիկ մանուկները սովորութիւն ունեն ամեն բան բերանը դնել:
Մեծ զւարճութիուն են պատճառում երեխաներին նոյնպէս այնպիսի պարզ խաղալիքները, ինչպէս են` «պառկիր վեր կաց»Ինչքան էլ պառկեցնոիմ ես, միշտ վեր է կենում: և զանազան վազող, ցատկոտող և թռչող խաղալիքները (լարւող մեքանիսմով):
Մօտ 2 տարեկան երեխաները, մանաւանդ տղաները, սկսում են հետաքրքրւել և խորանարդների կառուցումով, և ամենամեծ զւարճութիունը նրանց պատճառում է շինութեան կործանումը, երբ բոլոր խորանարդները դղրդիւնով թափւում ցրւում են նրա փոքրիկ ձեռքի դիտաւորեալ հարւածից: Աղջիկները աւելի յաճած հաւատարիմ են մնում իրենց տիկնիկներին:
3-4 տարեկան երեխաները յափշտակւում են այնպիսի խաղալիքներով, ինչպէս են «Նոյեան տապանը», «գազանանոց», «ամարանոց», «ագարակ», և սրանց նմանները, որ ներկայացնում են կենդանիների և թռչունների հաւաքածուներ. խաղը իհարկէ աւելի կենդանանում է, երբ մասնակցում են և հասակաւորները, որոնք գիտեն պատմել որպէս վայրենի, նոյնպէս և ընտանի կենդանիների կեանքի և սովորիութիւնների մասին:
Այդ հասակից սկսած, տղաների և աղջիկների ճաշակները հետզհետէ աւելի և աւելի տարբերւում են: Տղաները գերադասում են ձիեր և սայլեր, որ բարձում են ամեն տեսակ կոտրտած և ամուր խաղալիքներով և դէս ու դէն են քաշ տալիս, յաճախ նոյնպես աշխատելով, որ շուռ գան, «խորտակւեն»: Իսկ աղջիկները առանձին սէր են ցոյց տալիս դէպի ամեն տեսակ կահ-կարասիք - փոքրիկ մահճակալները, սեղանները, աթոռիկները և այլն, որոնց վրա կարող են պառկեցնել կամ նստեցնել իրենց սիրելի «աղջիկներին»:
Փոքրահասակ մանուկները շատ են սիրում նաև այնպիսի խաղալիքներ, որպէս են մետաղէ ձկնիկներ, բադեր, նաւակներ, մակոյկներ և այլն, որ կարելի է թողնել ջրի երեսին և ման բերել մագնիսի օգնութեամբ:
7-8 տարեկան տղաները սկսում են առանձնապէս հետաքրքրւել անագէ զինւորներով և առհասարակ ամեն տեսակ «զինւորական» խաղալիքներով, կառուցանում են ամրոցներ, պատերազմներ են յայտարարում իրար և խաղում են «աւազակներ»:
Այդ հասակի աղջիկները աւելի զբաղւում են եփելով, խորովոլով, տանտիկնութիւն անելով, և այդ պատճառով ամենալաւ ընծաները նրանց համար, տիկնիկներից յետոյ, խաղալիք-խնեցներն ու ամեն տեսակ ամանեղէնն են:
Բացի այսպէս ասած, «մշտական» խաղալիքներից, կան նաև «եղանակային» խաղալիքներ: Գարնանային և ամառային խաղալիքներն են` գնդակներ, մեծ օղակներ, սերսո, թռչող օձեր, կաղապարներ աւազից զանազան ձևի իրեր կառուցանելու համար, բահեր, հորսելիներ, թիեր, քարշակներ և այլն: Իսկ աշնանային և ձմեռային երկար երեկոների ձանձրոյթից ազատւելու համար լաւ են խաղեր զբաղմունքները, - ծայեկը, կառուցանելը, լօտօ, կտրատելը, կպցնելը, նկարելը, գունաւորելը, հիւսելը, ծեփելը, տիկնիկների համար բաժինք կարելը:
Ի վերջոյ պէտք է նկատենք, որ երեխաները մանաւանդ սիրում են ինքնահնար խաղալիքներ. խանութից գնւած, պատրաստի խաղալիքը շատ ավելի քիչ գին ունի երեխայի աչքում, քան իր ձեռքով շինւած կամ փոփոխւած, իր խաղերին յարմարեցված մի խաղալիք: Գնեցէք երեխայի համար մի ամենակոկիկ ձի իսկական մորթով, իսկական սաքով, և միւս կողմից` տւէք նրան մի կլոր փայտէ կտոր, չորս ձողիկներ, սև բուրդ (ամենից լաւն է, սև գուլբայի թելը, որ այնպէս գեղեցիկ գանգուր գոլորւում է), և օգնեցէք, որ ինքը այդ նիւթից իր համար մի ձի շինի, - և տեսէք թէ այդ երկուսից որն է նա աւելի սիրելու: Անշուշտ իր ձեռագործը: Առաջինը շատ կատարեալ է. երեխան ոչ մի տեղ «ուղղելու», «ձեռք տալու», իր երևակայութիւնը գործադրելու առիթ չունի: Իսկ եթէ ուզենայդ էլ «լաւացնել», միայն պիտի փչացնի և մեծերի յանդիմանութեանը արժանանայ: Իսկ նրա համար յաճախ հէնց այդ «փչացած» (մեծերի խօսքով) խաղալիքն է, որ առաւելապէս սիրելի է դառնում:
Առհասարակ չի կարելի շատ խիստ վերաբերւել, երբ երեխաները փչացնում են խաղալիքը: Այդտեղ երևում է ոչ թե նրա կործանելու ախտը, որի դէմ պետք է կռւել, այլ հէնց հակառակը, ստեղծագործելու ձգտումը, և միւս կողմից` նաև «իրերի հէնց ծուծը» մտնելու ցանկութիւնը: խաղալիքը փչացնել, կոտրել դրդում է երեխային հէնց այդ մանկական հարցասիրութիւնը, իմանալու ցանկութիունը, թէ ինչիցն է շինւած նա, ինչ կայ նրա մեջ:
Խաղեր
Խաղը օգտաւէտ է և անհրաժեշտ ամեն հասակի երեխաների համար: Զանազանակերպութիւն մտցնելով նրանց կեանքի մեջ, հանգստութիւն բերելով աշխատանքից յետոյ, նա միևնոյն ժամանակ հանդիսանում է մի տեսակ աշխատանք, որ թարմացնում և ամրացնում է մարմինն ու հոգին, մտածել է սովորեցնում երեխաներին, զարգացնում է նրանց մեջ հնարագիտութիւն, սրամտութիւն, երևակայութիւն, գեղասիրական ճաշակ և օրինականութեան և կարգապահութեան զգացմունք: Ընկերական խաղերը, բացի այդ, ընտելացնում են երեխաներին զսպել իրենց յարմարւել ուրիշների ցանկութիւններին և ուրիշների օգնութեանը գին դնել:
Ընկերական խաղերի մեջ չէ որ բոլոր մասնակիցները իրարից կախում ունեն, ամեն մէկի վրա դրւած է լինում մի պարտականութիւն, որ պիտի նա ճիշտ կատարի, որպէսզի խաղը իր նպատակին հասնի: Եթէ մասնակիցներից որևէ մէկը խաղը այնպէս չը տանի, այդ իսկոյն կազդի ընդհանուր ընթացքի վրա, և միւս մասնակիցները անմիջապէս կը նկատեն այդ: Անշնորք և անվարժ մանուկը ուզի չուզի պիտի աշխատի ուղղւել, որպէսզի խոյս տայ ընկերների դժգոհութիւնից և նորից ձեռք բերի նրանց համակրութիւնն ու յարգանքը: Ինքնահաճ, դիւրագրգիռ, խարդախութեան դիմող մանուկները հարկադրւած են լինում ճնշել իրենց մեջ բնաւորութեան վատ գծերը, որպէսզի ընկերները իրենց չը վռնդեն խաղացողների շրջանից:
Ամաչկոտ, անճոռնի կամ թմրած երեխաներին, որոնք խոյս են տալիս հասակակիցներից և աշխատում են չը մասնակցել ընկերական խաղերին, պէտք է ամեն կերպ խրախուսել և դրդել, որ մօտենան ուրիշ մանուկներին, պէտք է ղեկավարել նրանց, քաշքշել, և այդ աւելի լաւ հաջողւում է անել հէնց նրանց հասակակիցներին, քան թէ հասայաւորներին:
Բայց մեծերի մասնակցութիւնը խաղերին առհասարակ շատ ցանկալի է: Խաղալիս աւելի լաւ է իմացւում երեխայի բնաւորութիւնն և ընդունակութիւնները: Շատ օգտաւէտ է խաղալ սովորեցնել և դայեակներին. նրանց ընկերակցելը խաղերին աւելի կը մտերմացնի նրանց` սանիկների հետ և կը սովորեցնի աւելի լաւ հասկանալ վերջիններիս պէտքերը, ուրախութիւններն ու վշտերը:
Երեխաների մեծ մասը շատ է սիրում փոփոխել, զանազանակերպել խաղերը, և դրա համար հասակաւորներն էլ պէտք է գիտենան բազմաթիւ խաղեր, մանաւանդ ոչ շատ բարդ և յոգնեցնող խաղեր: Առհասարակ խաղերը երկու տեսակ են լինում. «նստած» և «շարժական»: Առաջին տեսակիցն են ամեն տեսակ զանազանակերպութիւնները լօտօի, դօմինօի և ամեն տեսակ «ֆրեբելեան խաղերը» - այն է` կտրտելը, հիւսելը, կարելը, ասեղնագործելը, գունաւորելը, ծալելը, շինութիւններ կառուցանելը և այլն: Երկրորդ տեսակը կարելի է բաժանել հետևեալ խաղերի.
1. վազվզելով,
2. նետելով,
3. վազվզելով և նետելով,
4. ցատկոտելով,
5. երգելով:
Այս խաղերը աւելի լաւ է բացօդեայ խաղալ, որովհետև նրանց գլխաւոր նպատակն է - օգնել երեխային մեծանալ առողջ, ամրակազմ և կենսուրախ, իսկ ոչ մի բան այնպէս չէ նպաստում այս բանին, ինչպէս թարմ օդը: Այդպիսի խաղերին ամեն օր պէտք է նւիրել մի քանի ժամ: Միայն ծայրայեղ դէպքում, շատ վատ կամ շատ ցուրտ եղանակին, կարելի է խաղերը տեղափոխել ծածկւած սրահները: Ոչ մի ընդարձակ դահլիճ չի կարող բռնել լայն, ծառատունկ, արևի համար բաց հրապարակի կամ դաշտի տեղը: Սենեակներում վազվզելն ու խաղալը անպատճառ առաջացնում է փոշի, որ և կուլ պիտի տան մանուկները:
Ամենաօգտաւէտ խաղերը, ի նկատի ունենալով ֆիզիկական ուժերի և կարողութիւնների ամրապնդումն ու զարգացումը, պէտք է համարել միաժամանկ թէ վազելուց և թէ նետելուց կազմւած խաղերը, բայց դրանք բարդ են լինում, ուստի դրանցից առաջ պիտի մանուկնրեը սովորեն աւելի պարզ խաղեր, որ միայն նետելուց կամ վազելուց են կազմւած:
Վազելը ամբողջ մարմինն է ամրացնում. միայն թէ թոյլ չը պիտի տալ երեխաներին վազվզել մինչև ուժասպառ լինելը: Եթէ վազախաղերին մասնակցում են միևնոյն հասակի երեխաներ, աւելի քիչ վտանգ կայ, որ մի քանիսը, մրցումով յափշտակւելով, գերյոգնեն: Իսկ եթէ խաղացողների հասկաները շատ տարբեր են, անհրաժեշտ է որ մեծերն ու աւելի ուժեղները յարմարւեն աւելի փոքրերին և թոյլերին:
«Նետողական» խաղերը աւելի ամրացնումեն մէջքի ողնաշարը, ձեռները, աչքի մկաններն ու զարգացնում են աչքի կտրուկութիւնը: Պէտք է միայն նետել անպատճառ երկու ձեռներն միատեսակ զարգացնելու համար:
Դպրոց յաճախող աշակերտների մէջքը շատ յաճախ լինում է կռացած, իսկ ողնաշարը` ծուռ: Խրատներն ու յորդորները, որ ուղիղ նստեն և ուղիղ ման գան, չը կռանան և չը ծռւեն, շատ քիչ են օգնում: Ի հարկէ հեշտ բան չէ միշտ յիշել, որ պէտք է մէջքը նստած անցկացնել, կռանալով գրքերի ու տետրակների, ձեռագործի կամ դաշնամուրի վրա: Մնաւանդ ստիպւածեն լինում «մէջքը ծռել» աղջիկները: Այդ պատճառով երեխաների մէջքը ուղղել խրատներով և կորսէտներով դժւար է: Ամենալաւ հակակշիռը այդ սովորութեան կարող են լինել միայն խաղերը, որոնց ժամանակ մէջքն ինքն իրան ուղղւում է, չը պահանջելով երեխաներից կամքի լարում: Թող երեխաները աւելի վազվզեն, ցատկոտեն, շարժւեն և զբաղւեն «նետողական» խաղերով: Նետելու միջոցին մէջքը ինքն իրան անշուշտ լաւ ձգւում է: Գնդակ կամ լապտի խաղալը ամենալաւ մարզանքն է մէջքի համար, որը այդ ժամանակ հարկադրւած է լինում ամենաբազմազան դրութիուններ ընդունել: Իսկ սերսօ (օղակ), վօլան և այլն խաղալը մանաւանդ օգտակար է այն բանով, որ գլուխը վեր բարձրացնել (օղակի կամ գնդակի թռիչքին հետևելու համար): Այդ խաղը պետք է երեխաները սկսեն որչափ կարելի է վաղ, 4-5 տարեկան հասակից:
Թռչելու հետ շաղկապւած խաղերը չի կարելի անպայման կերպով յանձնարարել, որովհետև նրանք ամեն անգամ չեն լինում ապահով, մանաւանդ աղջիկների համար: Յամենայն դէպս այդ խաղերը պահանջում են մեծ հսկողութիւն մեծերի կողմից: Նորվեգիայում` ի նկատի ունենալով տեղի ունեցած մի քանի դժբախտ դէպքերը, նրանք բոլորովին արգելւած են աշակերտների ազատ խաղերի հրապարակներում և թռչելու մարզանքները թոյլ են տրւում միմիայն մարմնամարզական դահլիճներում:
Իսկ երգերի հետ հիւսւած խաղերը առանձնապէս ցանկալի է տարածել, մանաւանդ 3-4 տարեկան հասակից: Այդ խաղերը մեծ մասամբ կապւած են լինում չափւած, գեղեցիկ շարժմունքների հետ և, բացի ընդհանուր օգտից, այլևս այն արդիունքն են ունենում, որ զարգացնում են երեխաների մէջ գեղեցիկ ձևեր, գողտրկութիւն, իսկ ինքն երգեցողութիւնը ամրացնում է թոքերը, զարգացնում է ձայնն ու լսողութիւնը:
Շատ յարմար են ընտանիքում նաև այնպիսի խաղեր, որոնց մէջ շարժական խաղը միացած է լինում դեկլարացիայի (արտասանութեան) և երգեցողութեան հետ: Խաղը ղեկավարող հասակաւորը պատմում է երեխաներին որևէ հեքիաթ, յետոյ նշանակում է, թէ երեխաներից ով հեքիաթի որ անձնավորութեան դերը պիտի կատարի, բացատրում է ամեն մէկին նրա անելիքը և սովորեցնում է դերերը, օգտւելով այդ բանի համար պատրաստի բնագրից և երաժշտական եղանակից կամ ինքընորից գրելով, և վերջապես մանուկները ներկայացնում են հեքիաթները կենդանի անձնաւորութիւններով: Այդ խաղը առիթ է տալիս զանազան խրատական զրոյցներ անելու. մանուկները միտք են դադարեցնում ներկայացրած կենդանիների, մարդկանց և ծաղիկների բնաւորութեան վրա և սովորում են օգտւել ձեռք բերած գիտութիւններից, և միևնոյն ժամանակ ինքնըստինքեան զարգացնում են իրենց ձայնն ու սովորում են գեղեցիկ կարդալ ոտանաւորները: Այս խաղը երբէք չը պետք է շփոթել «մանկական ներկայացումների» հետ, որոնք` ունենալով լաւ կողմեր, ունեն և բազմաթիւ պակասաւոր կողմեր:
Այդ խաղերը երեխաները խաղում են իրենց համար, ոչ թէ հանդիսատեսների համար, որոնք չը պետք է էլ ներկայ լինեն:
Նկարչութիւն: Պատկերազարդ գրքեր
Փոքրիկ երեխաները մեծ մասամբ շատ են սիրում նկարել: Հէնց որ նրանց ձեռքն է ընկնում քարետախտակ ու քարեգրիչ կամ մատիտ ու թուղթ, նրանք յափշտակւած սկսում են ամեն տեսակ նկարներ ու պատկերներ գծագրել: Իսկ երբ թուղթ չեն ունենում, նկարում են պատերի վրա: Նկարելու սէրը արտահայտւում է նաև` երեխայի բերանից այնպես յաճախ լսւող խնդիրների մեջ, որով նա դիմում է հասակաւորին. «Նկարիր ինձ համար», «Նկարիր այսինչ կամ այնինչ բանը»: Եւ երեխան կարող է երկար նստել և ուշադրութեամբ հետևել, թէ ինչպէս նկարող հասակաւորի մատիտի տակից դուրս են գալիս իրեն ծանօթ իրերը, կենդանիներն և մարդիկ:
Այսպես ուրեմն, նկարելու սէրը յատուկ է երեխաներին, և մեր նպատակը պէտք է լինի որ կանոնաւոր կերպով զարգացնենք այդ սէրը, ոչ թէ խեղդենք նրա մէջ: Մինչդեռ ծնողներից շատերին այննքան էլ դուր չի գալիս երեխաների այդ յափշտակւելը նկարչութեամբ: Նրանց համար անախորժ է տեսնել մանկական մատիտի այդ անվերջ հետքերը լրագիրների և ամսագիրների լուսանցքների վրա, գրքերի կազմերի, պատերի պաստառի վրա և այլն: Բայց մեղքը այստեղ ոչ թէ երեխայինն է, այլ նրան շրջապատող հասակաւորներինը: Ինչու ժամանակին չեն տալիս նրան անհրաժեշտ պիտոյքները: Եթէ նա իր ձեռքի տակ ունենալիս լինէր քարետախտակ ու քարեգրիչ կամ թուղթ, նրա մատիտը չէր թափառի այս ու այն տեղ:
Հասակաւորների գործը պիտի լինի - մի ելք ու կանոնաւոր ընթացք տալ մանկական բնական ձգտումին դէպի գործունէութիւնն ու ստեղծագործութիւնը: Երեխաներից ամենաանտանելիներն և ամենաանբախտները նրանք են, որոնք ունենում են գործունեութեան մի սաստիկ զարգացած պահանջ, իսկ զրկւած են լինում հասակաւորների խելացի համակրանքից և օգնութիւնից: Երեխան միշտ կամենում է ինքը մի բան շինել, բայց ինքը միշտ չի իմանում, թէ ինչ, և էլ միշտ ձեռքի տակ չի ունենում հարկաւոր պարագաները: Նա ձանձրանում է, չը գիտէ թէ ինչ անի, ինչով զբաղւի, և սկսում է չարութիւն անել կամ մեծերի գլուխը տանել: Այդպիսի դէպքերում նկարչութիւնը հիանալի փրկութիւն է: Ուրիշ զբաղմունքների համար հասակաւորն էլ այդ րոպէին կարող է ժամանակ կամ հարկաւոր պարագաները չունենալ, բայց թուղթ ու մատիտ միշտ տանը կը գտնւի:
Թուղթ ու մատիտ տալով ի հարկէ դեռ ամեն բան չի վերջանում. պէտք է ցոյց տալ երեխային, թէ ինչպէս պիտի բռնի մատիտը, պէտք է ղեկավար լինել, երբ փորձեր է անում այս կամ այն ինչ բանը նկարելու: Սկսեցէք ամենապարզ նկարներից և անցէք աւելի բարդերին: Դրա համար հասակաւորներից սկզբում չի պահանջւում առանձին շնորք: Երեխան նոյնիսկ աւելի յաջախ գոհ է լինում ամենակոպիտ, նախնական նկարով, իր երևակայութեամբ լրացնելով նրա պակասները, և ընդհակառակը` հասակաւորի նկարած շատ կատարեալ, շատ բարդ պատկերը կարող է ամենաչնչին արժէք ունենալ երեխայի աչքում, որը չի կարողանում ոչ նկարչութեան նրբութիունը հասկանալ, ոչ էլ ինքը նմանեցնել այդպիսի նկարին: Իսկ տեսէք թէ ինչպէս նա հրճւում է և ինքն էլ աշխատում է նոյնպէս նկարել, երբ տեսնում է, ինչպէս հասակաւորը մի քանի տարրական գծերով նկարում է «ուրախ էշ» կամ «տխուր էշ», մի քանի շրջաններով և մի քանի գծերով ու ստորակէտովէ «կատու», ուղղահայեաց գծով և մի քանի թեքերով` «ծառ» և այլն:
Ինչից պետք է սկսել: Ինչ պէտք է նախ և առաջ նկատի մանուկը: Ի հարկէ, իրեն շրջապատող, մօտիկ և ծանօթ իրերը - սեղան, աթոռ, մահճակալ, ձի, կատու, տուն, ծառ, օգտւելով դրա համար ամենապարզ գծերով: Սկզբում կարելի է նկատել ամեն իր առանձին-առանձին, յետոյ միացնել նրանց, կազմելով մի պատկեր, մի տեսարան: Նկարը շատ աւելի արժեքւոր է դառնում, եթէ նկարելիս մարդ նաև բացատրում է . «Այ արի դեռ տուն նկարենք: Այստեղ մի փայտ կը դնենք, այստեղ էլ - սրանք պատեր են, տակից էլ կը միացնենք - սա էլ կը լինի յատակը, վերևից էլ կը միացնենք - այս էլ առաստաղը: Իսկ այս թէք գծերն ապա ինչ են, այս տանիքն է: Հիմա պատուհանները շինենք... Քանի հատ անենք... Հիմա էլ դուռն ու պտշգամբը: Հինգ հատ աստիճան: Ահա տունը պատրաստ է... Իսկ ծխանն ուր է: Չէ, ծխանն էլ պետք է տեղը դնենք: Իսկ նրա միջից թող ծուխ դուրս գայ - այ ոլոր, ոլոր... Այս էլ մայրիկը քեզ համար փլավ է եփում»...
Որպէսզի նակրելու գործը հեշտացրած լինենք, աւելի լավ է տանք նրան մաքուր թուղթ կամ քարետախտակ: Քարետախտակի վրա նկարելիս, երեխան կարող է աւելի հեշտութեամբ ուղղել իր սխալները, և նկարել նա կարող է ինչքան ուզենայ - կը ջնջի ու հա կը նկարի: - Իսկ թուղթը ընտելացնում է զգուշութեան և ճշտապահութեան: Սկզբում լաւ է վերցնել հասարակ, սև, ոչ շատ փափուկ, ոչ էլ շատ ամուր մատիտ (ֆաբեր N 2). երբ երեխայի ձեռքը կը վարժւի և նա կը սովորի հասարակ մատիտով նկարել, կարելի է անցնել և գունաւոր մատիտների: Նրանք և աւելի թանկ են, և աւելի հեշտ են կոտրտւում, և աւելի դժւար սրւում:
Մեծ նշանակութիւն ունի երեխաներին շարունակ վարժեցնել նկարչութեան մէջ և կանոնաւոր անցնել աւելի պարզ նկարներից դէպի աւելի բարդերը: Անհրաժեշտ է որ ձեռքի ճարպկութիւնը, աչքի սրութիւնը և գծեր ու գոյներ միացնելու հմտութիւնը զարգանան մանկան ընդհանուր հոգեկան զարգացման հետ զուգընթացաբար: Թէ չէ, եթէ գեղասիրական պահանջերն աւելի առաջ գնան քան թէ նրա սեփական գիտութիւնն այդ պահանջներին բաւարարութիւն տալու, - նրա սիրտը կարող է կոտրւել, նա կը վհատի և բոլորովին երեսը կը դարձնի նկարչութիւնից:
Շատ են սիրում երեխաները նաև զննել պատկերազարդ գրքեր: Գրախանութները լիքն են այդպիսի գրքերով, բայց ոչ բոլորը կարող ենք յանձնարարել:
Պատկերները պետք է լաւ, բնութեանը հաիատարիմ, կենսալից, հասկանալի և հետաքրքրական լինեն երեխաների համար: Բնութեան գեղեցիկ տեսարանները սովորաբար այնքան չէն հետաքրքրում փոքրիկ մանուկներին, ինչօէս կենդանիների ու մարդկանց պատկերները, և այդ աչքի առաջ պէտք է ունենալ գիրք ընտրելիս: Յետոյ, աւելի լաւ է, եթէ պատկերը ներկայացնում է երեխային հարազատ կեանքը, եթէ մարդկանց թէ դէմքերը և թէ շորերը, տունը, ծառերը նրանց վրա այնպէս են, ինչպէս նա սովորել է տեսնել իր շուրջը: Ինչքան էլ լաւ նկարւած լինէին պատկերները, օրինակ` անգլիական գրքերի մէջ, և ինչքան էլ նրանք դուր գային անգլիացի մանուկներին, մեր մանուկների սրտին նրանք այնքան շատ բան չեն ասի, ինչքան որ մեր հարազատ շրջապատը ներկայացնող պատկերները:
Պատկերը բացատրող բնագիրը պետք է լինի պարզ, լիովին մատչելի մանկական հասկացողութեան համար, բայց առանց կեղծ կերպով յարմարւելու մանկական բլբլոցին: Մաքուր, գրական լեզուն, առանց աւելորդ զարդարանքների ու բլբլոցների, խելացի և մանուկների զարգացմանը համապատասխան բովանդակութիւն - ահա այն գլխաւոր պայմանները, որոնք պիտի բավարարութիւն տայ այդ տեսակ գրականութիւնը:
Մեր հրատարակիչները առաջ չափազանց շատ էին օգտւում օտարազգի գրքոյկներից, վերցնելով այնտեղից գլխաւորապէս պատկերները, իսկ նրանց բնագիրը կազմել տալով տանում գրողներին: Եւ քանի քանի տափակ, անմիտ գրքեր էին անցնում այն ժամանակ երեխաների ձեռքերը, երբեմն նաև անճոռնի ոտանաւորներով: Այժմ նկատւոմ է փոփոխութիւն դէպի լաւը: Լոյս են տեսել բազմաթիւ գրքեր, որոնք պատկերազարդւած են մեր հայրենի, տաղանդաւոր նկարիչների ձեռքով և ունեն մի այնպիսի բովանդակութիւն, որ բաւարարութիւն է տալիս առողջ բանականութեան և գրական գեղարվեստական ճաշակի պահանջներին:
Ի վերջոյ բերում ենք մի հասարակ միջոց գեղեցիկ պատկերների հարուստ հաւաքածու կազմելու, թէ փոքրիկ մանուկների և թէ աւելի չափահասների համար: Տարւայ ընթացքում ամեն մի ընտանիք ստանում է բազմաթիւ պատկերազարդ հրաւէրներ կամ յայտարարութիւններ, որ սովորաբար կարդալուց յետոյ մեծերը զամբիւղն են նետում: Օգնեցէք երեխաներին, որ հաւաքեն այդտեսակ թերթերն ու կտրեն պատկերները կամ բաց նամակները, տւէք նրանց մի քանի թերթ հաստ թղթից, և թող երեխաները կպցընեն դրանց վրա դուրս կտրած պատկերները: Մի փոքր ժամանակից յետոյ կարող է ստացւել մի այնպիսի հարուստ հավաքածու, որ ինքներդ էլ զարմանաք: Հենց այդ ժողովածւի հաւաքելը մի շատ օգտաւետ և արժան զբաղմունք ու զւարճութիւն է և կարող է ուրախութեան մի նոր աղբիւր լինել երեխաների համար:
Մանուկների համար պատմելն եւ բարձր ձայնով կարդալը
Մանուկներին հեքիաթ պատմելու արւեստը աւելի կամ պակաս յատնի է ամեն հօրն ու մորը: Բոլորն էլ գիտեն համապատասխան պատմութիւններ, յիշում են թէ ինչ են իրենց պատմել մանկութեան ժամանակ, և պատմելու շնորքը ինքն իրան է գալիս: Ոչ ոք չի սկսի` պատմելով հարազատ զաւակներին այս կամ այն բան, գործածել արւեստական լեզու, գրական ընտիր դարձւածքներ կամ պաշտօնակար ոճ: Նոյն իսկ այն մարդը, որ իր մըքերը գրաւոր արտայայտելիս անկարող կը լինէր ազատւել իւրացրած գրական կամ պաշտօնական ոճից, իր մանուկների հետ խօսելիս սովորաբար գտնում է ամենապարզ, բնական դարձւածքներ, երբեմն նոյնիսկ այնքան պարզ, հասարակ ոճեր, որ եթէ մի ուրիշ անգամ մէկը նրան վերագէր այդ ոճերը, նա կասէր թէ ինքը չի գործածել այդպիսի գռեհիկ, իրեն անյատուկ բառեր: Ես գոնէ յիշում եմ որ քանիցս անգամ այդպէս պատահել է հօրս հետ: Ես կրկնել եմ խօսակցութեան ժամանակ որևէ դարձւածք, որ նա գործ ածած է եղել անգիտակցաբար մեզ հետ ուրախ զրուցելիս, նա ուղղել է ինձ, իսկ ես պատասխանել եմ, որ ինքն էլ է այդպես խօսում, ու նա չի կամեցել հաւատալ, յամառութեամբ հերքել է:
Երեխաների հետ անպայման պէտք է խօսել հասարակ լեզւով: Նրանք դեռ չեն կարողացել իւրացնել բարդ դարձւածքներ և ոճեր: Առհասարակ, ինչպէս մանուկների մարմնական կերակուրը պիտի հասարակ լինի, - պղպեղ, մանանեխ և շատ աղ կամ շատ շաքար չը պարունակի, - պարզ, սովորական խորտիկներ լինեն, այնպէս էլ հոգեկանը: Պետք է պատմելիս նոյնպես խոյս տալ չափազանց մռայլ, տխուր բաներից: «Կարմիր գլխարկը» պատմութիւնը, իմ կարծիքով, պէտք է հենց ցոյց տայ այն սահմանը, որից չը պէտք է անցնել: Լաւ չէ և սարսափելի բաներ պատմել: Ամենից լաւ և մատչելի նիւթն է երեխաների համար ծիծաղաշարժը: Բայց քանի որ նրանց երևակայութիոնը շատ վաղ է զարթնում և սնունդ է խնդրում, պէտք է այս մանկական պահանջին էլ բաւարարւոթիւն տալ, պատմութիւններից չը ջնջելով հրաշալի տարրը: Ամենից առողջ և հաճելի սնունդը մանկական երևակայութեանը կարող են տալ մեր ժողովրդական հեքիաթները: Նրանց մեջ անսպառ աղբիւր կայ հրաշալի պատկերների, առողջ յեգնութեան, թարմ մտքերի և խոր բարոյականութեան, և մանուկը անձնատուր է լինում տպաւորութեանը ամբողջ հոգով: Նա միշտ ընդունակ չի լինում թափանցել այլաբանութեան խորքը, հեքիաթի կեղևի տակ ծածկւած մտքի ուղն ու ծուծը, բայց այն էլ լաւ է, որ նա կը սիրի այդ կեղևը, կապրի մայրենի հեքիաթով: Հեքիաթի միջոցով նրա մեջ կապ կառաջանայ մայրենի բանաստեղծութեան, մայրենի հնութեան, մայրենի ժողովրդական նիստ ու կացի հետ, և այդ կապը հետզհետէ միայն կաճի ու կամրապնդւի, քանի աւելի կաճի ու կը զարգանայ մանուկը:
Հեքիաթներից հետոյ գուցէ մի աւելի յարմար նիւթ չը կայ երեխաներին պատմելու համար, քան թէ հօր ու մօր յիշողութիւններն են իրենց մանկական կեանքից: Երեխաները պատրաստ են անվերջ լսելու ծնողների պատմվածքները իրենց անցեալի կամ հայրերից, մայրերից, պապերից, տատերից լսածների մասին: Իսկ ծնողները` իրենց ընտանեկան պատմութիւնից նիւթեր առնելով, ոչ թէ միայն զբաղեցնում են երեխաներին, այլ և կրթում են նրանց: Այդ յիշողութիւնները` օգնելով երեխաներին հասկանալու հայրենի և պապերի կեանքը, ամենից լաւ ամրապնդում են այն թանկագին կապերը, որոնք շաղկապում են նախնիներին իրենց յետնորդների հետ: Ստիպելով երեխաներին անգիտակցօրեն ներշնչւել լաւագոյն ընտանեկան աւանդութիուններով, այդ պատմութիունները լրջօրէն մտածել են տալիս նրանց այն պատասխանատւութեան մասին, որ մարդուս վրա դնում է ծագումը, և ցանկութիւն են արծարծում նրանց մէջ արժանի լինելու իրենց նախնիներին: Այդ պատմութիւնների մէջ պահպանւած որևէ փոքրիկ սրտաշարծ կաև ազնիւ գիծ նախնիների կեանքից` կարող է հանդիսանալ մի տեսակ սերմ, որ` ընկնելով մանկան հոգու մէջ, կարող է ծիլեր արձակել յօգուտ նրա և ուրիշների: Ընտանեկան լաւ աւանդութիւնները մեծ առաւելութիւն են ընտանեկան կրթութեան գործում:
Միևնոյն պատճառներով օգտաւէտ է, որ երեխաները ականջ դնեն մեծերի պատմածներին հնից և նորից: Այդ զրոյցները երբեմն շատ աւելի բան են տալիս, քան թէ դասերը, և էլ զարմանալի հեշտ են իւրացւում մանկան կողմից ու միայն զւարճութիւն են նրան պատճառում: Իմ լաւագոյն մանկական յիշողութիւննեից մի քանիսը կապված են հէնց այդպիսի կենսաբուղխ պատկերների հետ, որ իմ աչքիս առջև բացւել են իմ ծնողների և ուրիշ` ինձ շրջապատող հասակաւորների խոսակցութեան ժամանակ: Այդ խոսակցութիւնները մեզ, երեխաներիս համար ոչ պակաս հետաքրքրական և օգտակար էին, քան թէ յատկապես մեզ համար նշանակւած պատմութիւնները:
Խոսելով մանուկների համար պատմելու մասին, չեմ կարող չը յիշատակել այստեղ և մանուկների համար երգելու մասին:
Երգելը երկու լաւ կողմ ունի. նախ` նա մանուկներին պատճառում է հաճելի, հոգին զւարթացնող զւարճութիւն, և ապա զարգացնում է նրանց մէջ նւազայնութիւն: Պատահում է, որ հայրն ու մայրը մոռացած են լինում, որ մանկութեան ժամանակ երգած երգերի բառեռը նրանց մտքից ընկած լինեն: Սերունդից սերունդ անցնող այդ երգերն ու եղանակները մի թանկագաին աւանդ են: Հաճախ մօր բերանից լսած մի որևէ պարզ երգ այնպես խորն է թափանցում մանկան հոգու մէջ, ամենանուրբ լարերը հնչեցնելոց այնտեղ, որ շատ տարիներ յետոյ, արդեն հասակաւոր մարդ դառնալով, նա, լսելով յամկարծ նոյն եղենակը, նորից մանուկ է դառնում հոգով, նորից սիրտը բացում է ամենաքնքուշ, մեղմ զգացմունքների համար:
Բացի վերև յիշած նիւթերից` ծնողներից մեծ մասը հազիւ թէ ունենայ պատմելու բան: Այն ժամանակ մնում է որ դիմեն ընթերցանութեանը: Եւ ահա մենք հասանք նեղ, ընտանեկան շրջանում ահագին նշանակութիւն ունեցող գործին: Բարձր ձայնով կարդալուն նւիրւած ժամերը, եթէ ընթերցանութիւնը կանոնաւոր է տարւում, ընտանիքի բոլոր անդամներին պատճառում են ամենալաւ, որչափ ախորժելիւ, նոյնչափ և օգտաւէտ ժամանց:
Բարձր ձայնով կարդալու արւեստի մասին տարբեր են դատում. մի քանիսը այսինչ պահանջներ են դնում, միւսները` այն ինչ: Մեր պրօֆեսիօնալ կարդացողների մեծ մասը - դերասաններ են, և իմ կարծիքով` բոլորն էլ մի պակասութիւն ունեն, այն է, որ ընթերցանութեան հետ շաղկապում են դերասանական «խաղը», ոչ թէ միայն կարդում են, այլ և որոշ չափով «խաղում»: Ինձ թւում է որ շատ աւելի լաւ տպաւորութիւն է գործում հասարակ, անարւեստ ընթերցանութիւնը, առանց միմիկայի և դերասանական շեշտումների, պարզ և արտահայտիչ արտասանութեամբ, որ ապացոյց է ընթեցւածի լիակատար հասկացողութեան: Քանի աւելի է ընթերցանութիւնը յիշեցնում սովորական, պարզ, անկեղծ, կարծես սրտից բղխող պատմութիւնը, այնքան աւելի մեծ տպաւորութիւն է նա թողնում, մանաւանդ երեխաների վրա:
Այնուհետև, բարձր ձայնով երեխաներին կարդալիս անհրաժեշտ է այլ ևս մի պայման աչքի առաջ ունենալ, - որ հեղինակի լեզուն համապատասխան լինի ունկնդիրների հասակին: Ի հարկէ, մանկական գրականութիւնը ունի զանազան ստորաբաժանումներ ըստ հասկաների. կան գրքեր և ամսագիրներ յատկապես աւելի փոքր հասկաի, և գրքեր` միջին ու մեծ հասակի մանուկների համար: Բայց էլ չենք ասում, որ ոչ բոլոր գրքերի և առանձին հեղինակութիւնների լեզուն լիովին մինչև վերջը «պահպանւած», որոշ հասակին յարմարեցրած է լինում, - պատահում է նաև, որ ընտրութիւն չեղաշ դեպքում կամ գրքի չափազանց հետաքրքրական լինելու պատճառով ծնողները ստիպւած են լինում` վերցնելն բարձրաձայն կարդալու համար այնպիսի մի գրւածք, որի լեզուն ընհանրապէս կամ տեղ տեղ շատ խրթին է և անհասկանալիէ յաս ինչ հասակի մանուկների համար: Վերջապէս, չէ որ մանկական գրականութեան մէջ կայ մի ամբողջ ճիւղ թարգմանական գրւածքների, որտեղ գտնում ենք ինքն ըստ ինքեան գեղեցիկ, բայց ոչ բոլորովին աջող կերպով թարգմանվւած բաներ, երբեմն ծանր և անճոռնի ոճովւ թարգմանած գրւածքներ. բոլոր այսպիսի դէպքերում բարձրաձայն ընթերցանութիւնը պիտի դառնայ մասամբ և փոխադրութիւն, - անյարմար, չափազանց դժւար ըմբռնելի, չափազանց գրական կամ օտարազգի դարձւածքները պէտք է փոխարինել աւելի հասարակ, պարզ, առօրեայ, սովորական խօսակցութիւնից վերցրած, երեխաներին բոլորովին հասկանալի բառերով: Սակայն գլխաւորապես, ի հարկէ, պէտք է օգուտ քաղել մայրենի գրականութեան այնպիսի երկերից, որոնց լեզուն օրինակելի է: Քանի աւելի փոքր են մանուկները, այնքան աւելի կարևոր է, որ լսեն մաքուր, կանոնաւոր «դասական» մայրենի լեզու. թող կրթւեն այդ լեզւով, թող իրենց ամենամատաղ տարիքից ներշնչւեն մայրենի լեզւի ոգով, իւրացնեն մայրենի լեզւի կանոնաւոր և բնորոշ ոճերը: Աւելի մեծ հասակում արդէն այդքան էլ հեշտ չէ «փչացնել լեզուն»:
Ընդհանուր առմամբ, բարձրաձայն ընթերցանութիւնը մէկն է այն լաւագոյն կրթական-դաստիարակչական միջոցներից, որ ունեն ծնողները իրենց ձեռքում:
Երգեցողութիունը
Ծնողներ, սովորեցրէք ձեր զաւակներին երգել: Աշխատեցէք արծարծել և զարգացնել ձեր երեխայի մէջ երգելու սէրը - դրա մէջ դուք կը գտնէք մի աւելորդ միջոց ազդելու մանկական հոգու վար և նարն կրթելու:
Գլխաւոր դերը այստեղ` պարզ է որ պատկանում է մօրը: Նրա ձայնը դուրս է քաշում մանկան կոկորդից առաջին երաժշտական հնչիւնները: Հարկ էլ չի լինում առանձնապեէս դրդել մայրերին այդ անելու, - ինքը բնազդն է նրանց դրդում:
Ամեն տղամարդ կեանքում գոնէ մէկ անգամ դառնում է բանաստեղծ, - սիրոյ ժամանակ, երբ երազումէ իր սիրած աղջկայ մասին. ամեն կին կեանքում գոնէ մէկ անգամ դառնումէ երգչուհի - մայրութեան ժամանակ, մանկական օրօրոցի գլխին նստած:
Մայրը շատ վաղ է սկսում երգել իր երեխայի համար, գրեթէ նրա կեանքի առաջին օրից: Սկզբում շատ կամացուկ, հազիւ լսելի, երկչոտ ձայնով, յետոյ հետզհետէ աւելի բարձր, աւելի վստահ, քանի աւելի է նկատում թէ ինչպէս երգը հանդարտեցնում է երեխային: Առանձին, անջատ խօսքերը կամաց կամաց շարահիւսւում կազմում են իսկական մի մեղեդի, նրա հետ կապւում են բառեր, և ահա պտրաստ է լինում օրօրոցի երգը, որը յետոյ ամեն օր երգւում է, թէ խաղաղ ուրախութեան և թէ ծանր վշտի ժամերին, և արմատ է բռնում մանկան գիտակցութեան մէջ և դառնում է նրա կեանքի արշալոյսի առաջին պայծառ տպաւորութիուններից մէկը:
Այս ճանապարհով է երևի կազմւել օրօրոցի երգերից մեծ մասը: «Երգը ինքն ըստ ինքեան է երգւում»: Իսկ յետոյ նրանք անցել են բերանէ բերան, հնչելով և աղքատի խրճիթում, և հարուստի պալատում:
Այդ երգերը ծնւել են ժողովրդի մէջ, ինչպէս երևում է նրանց զուտ ժողովրդական բնաւորութիւնից:Մեր ժողովրդի գլխաւոր յատկանիշը - մեղմ թախիծը - դրոշմւել է տխուր ողբացող եղանակի մեջ, իսկ մայրական ջինջ ուրախութիւնը` կատակ-կայտառ խօսքերի մէջ: Այդ բառերը մեծ մասամբ ասում են հայրենի կենսական պայմանների մասին, նկարագրում են միշտ մայրենի, ծանօթ պատկերներն և դեմքէրը. սրանք այդ միձոցով հարազատ և մօտիկ են դառնում մանկան սրտին, առաջացնելով նրա մէջ համապատասխան հասկացողութիւններ:
Զուտ գեղասիրական տեսակէտից այդ երգերը չի կարելի շատ բարձր դասել: Եղանակը միակերպ է լինում, և բովանդակութիւնը` աղքատիկ: Իսկ եթէ չը նայելով այդ բանին, այդ երգերը այդ աստիճան շատ տարածւած են և այդչափ սիրելի են նոյն իսկ կրթւած դասակարգի մէջ, - պատճառն այն է, որ նրանք ունեն ինքնուրոյն բանաստեղծականութիւն և զուտ մանկական թարմութիւն և պարզմտութիւն, որ այնքան դուր են գալիս թէ մանուկներին և թէ հասակաւորներին: Բայց ի հարկէ մայրերը լաւ կանեն, որ օգտւեն այն օրօրոցի երգերից, որոնք մեծ ուշադրութեան արժանի են և գրական, և երաժշտական տեսակէտից: Մեր բանաստեղծներն ու նւագաստեղծները տւել են մի քանի իսկ որ գեղեցիկ նմուշներ, որ ամեն մայր պիտի անպատճառ գիտենայ:
Բյաց ժամանակը գնում է : Եւ մի երջանիկ օր, մայրը նկատում է, որ երեխան աշխատում է կրկնել ծանոթ եղանակը: Մայրը լարւած ուշադրութեամբ ականջ է դնում թոյլ, անորոշ հնչիւններին, որոնք հետզհետէ ուժեղանում են և դառնում են իսկական երգեցողութիւն:
Երեք տարեկանից մինչև դպրոց մատնելու ժամանակը շատ նշանաւոր շրջան է երեխայի կեանքում. այդ շրջանումն է հիմք դրւում, թէ բնաւորութեան և թէ ամբողջ մտաւոր և բարոյական զարգացման: Ուտի` մանկական երգեցողութեանը պէտք է առաջնակարգ տեղ տալ այդ ժամանակում, որպես բարերար միջոցներից մէկին մանկան հոգին զարգացնելու համար: Ծնողները առանձին առիթներ են ունենում ուշադրութիւն դարձնելու եւ հնչիւնների կազմութեան, եւ արտասանութեան, եւ շնչելու, խօսելու, երգելու և իրանը պահելու ձևի վրա, նոյնպէս և ձայնական գործարանները վարժեցնելու վրա և այլն: Առհասարակ երաժշտասէր ծնողների համար դժւար չէ զարգացնել երեխայի մէջ երգելու ընդունակութիւնը. եթէ երեխան ձայն և լսողութիւն ունի, գործը ինքն ըստ ինքեան առաջ է գնում, բայց ի հարկէ ամենից հեշտ երեխան այդ արւեստը իւրացնում է մօր երգածին ականջ դնելով:
Այդ ժամանակից մայրը երգում է ոչ թէ մանկան համար, այլ և նրա հետ, և շուտով մանկան բերանից սկսում են հնչել նաև ինքնաբերաբար մէկը միւսի ետևից քաղցր, թարմ երգեր, որ այնպեէս զարդարում են ամեն խաղ:
Քանի աւելի ժամանակ կանցնի, այնքան աւելի երեխան կը սիրի երգեցողութիւնը, կերգի սրտանց, մի եղանակ միւսի ետևից կը տպաւորւեն նրա յիշողութեան մէջ և կը վերածնւեն նրա շրթունքներում: Պէտք է միայն ընտրել համապատասխան երգեր, աչքի առաջ ունենալով մանկան գեղասիրական- երաժշտական ճաշակի զարգացումը և նրա ձայնի կարողութիւնն ու առհասարակ երաժշտական ընդունակութիւնները: Երգելու ժամանակ պէտք է ուշիուշով հետևել մանկան շնչառութեան, արտասանութեան և շեշտադրութեան, անմիջապէս ուղղելով և վերացնելով զանազան անկանոնութիւններն ու սխալները:
Երգը միայն այն ժամանակն է հարկաւոր տպաւորութիւնը անում, երբ բառերն ու եղանակը իրար բոլորովին համապատասխան ու յարմար են լինում: Եւ երեխաների ուշադրութիւնը դարձնելով այդ կապակցութեան վրա` ծնողները զարգացնում և ազնւացնում են նրանց զգացմունքներն ու ճաշակը: Իսկ բնագրի ու եղանակի գեղեցկութիւնը մանուկներին պարզաբանելու լաւագոյն միջոցն այն է, որ ծնողները իրենք երգեն, հաւաքելով իրենց շուրջը իրենց զաւակներին: Երեխաներին երգեր սովորեցնելուն, նրանց հետ միասին երգելուն նւիրւած ժամերը - ամենապայծառ և ամենաարդիւնաւէտ ժամերիցն են փոքրիկների համար:
Անցնում է առաջին անհոգ մանկութիւնը: Գալիս են դպրոցական տարիները: Դպրոցում մանուկը նորից հանդիպում է երգին, բայց արդէն ուրիշ պայմանների մէջ. նա աշակերտ է, երգեցողութիւնը դասարանական առարկայ է: Դպրոցական երգեցողութիւնը աւելի զանազանակերպ և բովանդակալից է, քան ընտանեկանը, բայց դրա փոխարէն պահանջներն էլ աւելի խիստ են. դա արդէն ոչ միայն հաճելի և օգտաւետ ժամանց է, այլ ինքնուրոյն գիտակցական աշխատանք:
Ուրեմն տարբեր ձևեր, տարբեր միջոցներ, մի փոքր տարբեր նպատակ:
Նոր պայմաններից առաջացած լարումն ու ստիպողականութիւնը կարող են բացասական ներգործութիւն ունենալ մանկան վրա. Ուստի պէտք է կարելւոյն չափ հեշտացնել, թեթևացնել նրա համար` թռչնակի երգի նման ազատ, անկաշկանդ երգեցողութիւնից դէպի որոշ ժամերին, որոշ կանոններով երգելուն անցնելը, որպէսզի երեխայի սէրը դէպի երգեցողութիւնը առհասարակ չը թուլանայ: Հէնց որ այդ անցնելը տեղի է ունեցել առանց խոչընդոտներ, երեխայի առջև բացւում է նոր, աւելի ընդարձակ ասպարէզ, որ և ոգևորում է նրան:
Ահա այդտեղ է որ շատ կարևոր է ընտանիքի աջակցությունը: Դպրոցում սովորած երգերը երեխան բերումէ տուն,- դիմաւորեցէք ինչպես հարկն է, լիակատար հետաքրքրութեամբ և համակրանքով. միայն այդ ժամանակ երախան ինքն էլ կը սովորի գնահատել և սիրել այդ երգերը: Ընտանիքը պետք է նաև օգնի մանկան իւրացնել դպրոցում երգած եղանակները: Ոստի միք մոռանալ առաջւայ պէս յաճախ հաւաքւել ազատ ժամերին և խմբովին երգել:
Ստորին դասարաններում աշակերտները աւելի հեշտ իւրացնում են որևէ խաղի հետ շաղակպւած երգերը: Այդ տարիքում մանուկները առանձնապես սիրում են երգել խաղալով, մանաւանդ աղջիկները: Ափսոս որ տարածւած եղանակներից և բառերից շատերը զուրկ են գեղարւեստական արժանաւորութիւնից: Այս դեպքում ընտանիքն ու դպրոցը պիտի որ ձեռք ձեռքի տւած գնային, նորոգէին և հարստացնէին այդ խաղախառն երգերի ռեպերտուարը:
Երգեցողութեան դասերին դպրոցում երեխաները ծանօթանում են բազմաթիւ եղանակների և ոտոնաւորների հետ, և լուրջ, և ուրախ, և թեթև, և ծանր, և տօնական, և ժողովրդական եւ այլ երգերի հետ: Իրենց առանձին կարևորութեան և վսեմ բնաւորութեան շնորհիւ օրհներգները առանձին տեղն են բռնում: Դրանցից յետոյ գալիս են ազգասիրական և ժողովրդական երգերը, որոնց միջից բուրում են հայրենասիրութիունն, ազգային հպարտութիւնն ու բնութեան գեղեցկութիւնների հրապուրանքը: Այդ տեսակ երգերի հետ պէտք է ծանօթացնել երեխային որքան կարելի է շուտով. նրանք կարող են նպաստել ջերմ հայրենասիրութեան և ազգային հպարտութեան զգացմունքի զարգանալուն և ամրապնդելուն փոքրիկների մէջ:
Միջին դասարաններում երգեցողութեան դասատւութեանը շատ է օժանդակում նօտաների գիտութիւնը: Նոտաները միակ միջոցն են երգեցողութեան մեջ ինքնուրունութեանը հասնելու: Ի հարկէ, ուղղակի նօտաներին նայելով ամեն նոր, անծանօթ երգ երգելը - գուցէ ամենքի համար այնքան էլ հեշտ չը լինի. դրա համար պէտք է առանձին ընդունակութիւններ ունենալ. բայց քանի աւելի է մօտենում ժամանակը այդ ցանկալի նպատակին, որ աչքի առաջ ունի դպրոցական երգեցողութիւն, այնքան աւելի լաւ:
Առհասարակ նօտաներ կարդալ և նօտաներով երգել սովորել մի շատ էլ դժւար բան չէ: Կը պատմեմ, օրինակ, թէ ինչպէս ես ինքս այդ արւեստին հասայ: Ես մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ ամենքը - մեծից մինչև փոքրը - շարունակ երգում էին, ես էլ միւսների հետ, բայց նօտաների հետ ես չկարողացայ ծանօթանալ մինչև 14 տարեկան հասակս: Միայն այդ հասակում ես առաջին անգամ ձեռքս առայ նօտաների տետրը, գտայ նրա մէջ ինձ ծանօթ մի երգ և սկսեցի երգել, միևնոյն ժամանակ հետևելով ձայնանիշներին: Այդպիսով ես սովորեցի հասկանալ այդ տարօրինակ նշանների նշանակութիւն, զանազանել նրանց ըստ ձայնի տևողութեան և բարձրութեան, չը գիտենալով դեռ նրանց անունները:
Եւ վերջապէս, մանկական մեծ հասակում սկսւում է խմբական բազմաձայն երգեցողութիւը: Նա առանձնապէս դուր է գալիս թէ հասակաւորներին և թէ մանուկներին, որովհետև այդտեղ համեմատաբար փոքր միջոցներով կարելի է անել շատ աւելի մեծ տպաւորութիուն, քան թէ միաձայն երգեցեղութեան ժամանակ:
Մանկական երգեր, կատակներ, ասացւածքներ, հեքիաթներ, առակներ և հանելուկներ
Կայ բանաստեղծութեան մի ինքնօրինակ աշխարհ, մի առանձին գրականութիւն, որ կարելի է անւանել մանկական խաղերի գրականութիւն: Այդ գրականութիւնից թանաքի կամ փոշու հոտ չի գալիս: Նա, որպէս և որպես և ժողովրդական երաժշտութիւնը, ծագել է ինքն իրան. որտեղ, երբ, ում, ձեռքով, ոչ ոք չը գիտէ: Տատի և պապի բերանից նա անցնում է հօր և մօր բերանը, իսկ սրանց բերանից այնուհետև յաջորդ սերունդի բերանը և այլն:
Այդ մանկական գրականութիւնը 4-5 գլխաւոր բաժանմունքներ ունի, որ մօտաւորապէս համապատասխանում են մանկան զարգացման աստիճաններին: Դեռ այն ժամանակ, երբ երեխան չի իջնում մօր ձեռքից, մայրը երգում է նրան մանր, պարզ հեքիաթներ և առակներ. ապա հերթը հասնում է իսկական հեքիաթներին և, վերջապէս, հանելուկներին:
Առաջին երգերը, կատակներն ու ասացւածքները մի տեսակ իրենք իրենց դուրս են թռչում մօր բերանից, երբ նա օրօրում է կամ զւարճացնումէ մանկան: Բոլորն էլ չափազանց պարզ, միամիտ, անպաճոյճ են լինում, բայց որչափ դուր են գալիս փոքրիկներին: Նըրանից մի քանիսը նկարագրում են մօր և զաւակի սերտ մտերմական կապը, միւսները ասում են որ մանուկը մի տեսակ կենտրոն է շրջապատող կեանքի, շատերը մի մի պատկեր են` բնակարանից հանած, ուր գործող անձինք լինում են կենդանիներ, կան այնպիսինները, որտեղ հասարակ, առողջ բարոյական գաղափար է պարունակում, մի քանիսի մէջ էլ կատակ խաղեր են մանկան հետ:
Այդ երգերից, կատակներից և ասացւածքներից բուրում է մանկական թարմութիւն, անարւեստականութիւն և բնութեան սէր, որ երբեմն նոյն իսկ մարդացնում է այդ բմութիւնը:
Այդ փոքրիկ պատկերների մէջ շրջապատի տպաւորութիւնները շարահիւսւում են, առանց հետևելու մտածողութեան որևէ օրենքին, այլ պարզապէս կողքէ կողք, ինչպէս գետնապտուղները ցողունների վրա: Նրա մէջ չը կան դատողութիւններ առարկաների մասին, նրա մէջ հանդէս են գալիս և ապրում են իրենք առարկաները, և ամեն բան այնպէս պարզ, բնական և ճշգրիտ են դուրս բերւում: Նրանք պատկերացնում են իսկապէս կեանքը ոչ այնպէս, ինչպէս նա կայ իրօք, այլ այնպէս, ինչպէս նա անդրադառնում է դեռ ոչ բոլորովին հասունացած հոգու մէջ և այն աշխարհում, որտեղ երեխան զգում է իրան, ինչպէս իր տանը: Եւ այնուամենայնիւ այդ երգերով, կատակներով, ասացւածքներով առաջին հիմքն է դրւում երեխայի ծանօթութեանը կեանքի հետ, մանկական աշխարհից դուրս գտնւած աշխարհի հետ: Ամեն մի երգ, կատակ, ասացւածք ընդլայնում է մանկական աշխարհահայացքը մի քիչ գոնէ: Իսկ նրանց ընդհանուր արդիւնքը լինում է արդէն բաւականաչափ նշանաւոր մտաւոր աշխատանք, միայն թէ դրա ընթացքը այնպէս չէ, ինչպէս հասակաւորներինը` տրամաբանական եզրակացութիւններով և կանոններով, - այլ պատկերներն ու տպավորութիւնները ըմբռնում են և բացատրւում մանկան նմանութեամբ, կենդանի աշխարհի հետ ունեցած հիմնական նմանութեամբ, կենդանի աշխարհի հետ ունեցած ազգակցութեամբ:
Այդ երգերը, կատկները և ասացւածքները նպաստում են նաև մանկան խօսելու ընդունակութեան, լեզու հասկանալու վրա. նրանք նիւթ են տալիս նրա հոգուն, աննկատելի կերպով մշակում են հասկացողութիւնները, մի խօսքով, առաջին հիմքն են դնում նրա խելքի և բնաւորութեան: Նրանք, այնպէս ասած, մանկան համար կեանքի առաջին տարիներում հանդիսանում են մի տեսակ բերանացի այբուբէն, առաջին դասագիրք, իսկ ծնողների և դաստիարակների համար անգնահատելի և ընդմիշտ թարմ ձեռնարկ, որ օգնում է սերունդէ սերունդ:
Յաջորդ, աւելի բարձր աստիճանի վրա կանգնած են ՀԷՔԻԱԹՆԵՐԸ:
Հէքիաթների դէմ երբեմն լսւում են նախազգուշացումներ: Այսինքն` մեր ժամանակներում հէքիաթի հակառակորդները այլևս չեն պնդում այն բանի վրա, թէ հէքիաթը ՍՈՒՏ է, որովհետև նրա մեջ չը կայ արտաքին ճշմարտութիւն: Բայց ոչ պակաս միամիտ է և այն առարկութիւնը հեքիաթի դէմ, իբր թէ նրանք ուշացնում են իրականութեան զգացմունքի, բնութեան հասկացողութեան զարգացումը մանկան մէջ, որովհետև հեքիաթական աշխարհը բոլորովին այն չէ, ինչ որ իրականը: Բայց միթէ երեխաների վզին փաթաթելով մեծերին յատուկ, հասունացած վերաբերմունքը դէպի շրջապատ կեանքը չի նշանակում, որ երեխայի բնութիւնը բոլորովին մենք չենք հասկանում:
Իսկապէս հէքիաթները պէտք է այն տեսակ հոգեկան սնունդի շարք դասել, ինչպէս են և մանկական երգերը, կատակներն և ասացւածքները. այդ սնունդը անպայման պէտք ունդունի մանուկը իր զարգացման որոշ շրջանում - իրականութեան և հրաշալիքի այդ խառնուրդը հէնց համապատասխանում է մանկան բնական պահանջին, զարգացնում և շատացնում է նրա հասկացողութեանց պաշարը, անգիտակցօրէն. նա հանաք-հանք խէլք է սովորում այդ գունաւէտ պատկերներից: Հեքիաթի մէջ մի բացարձակ բան կայ, որ համապատասխանում է մանկական ձգտմանը դէպի ամբողջականն և անմիջականը և լցնում է մանկան հոգին կեանքի ընդհանուր կապի ուժեղ զգացմունքով, բարձրագոյն զօրութեան գօյութեան գիտակցութեամբ, զօրութեան, որ ի մի է շաղկապում բոլոր, արտաքուստ բաժան-բաժան երևոյթները: Մանուկն ու հեքիաթը կանգնած են մտաւոր կեանքի հաւասար աստիճանին: Մտածողութեան ընթացքը, եզրափակութեանց ձևը հեքիաթում նոյնն է, ինչ որ մանկան մէջ: Հեքիաթի իսկական աղբիւրն է մանկական հոգին կամ բնութեան զաւակի հոգին, բնութեանը մօտիկ կանգնած մարդու, որ քաղաքակրթութեան առաջին աստիճանների վրա է կանգնած, - ասել է թէ` դեռ չը բացւած, չը փթթած հոգին, ուր խելքն ու երևակայութիւնը դեռ չեն կազմել առանձին միութիւններ, այլ գործում են միացած, անբաժան. - մի հոգի, որի մտածողական ընդունակութիւններն ու մանկօրեն թոյլ, անհաստատ, տարտամ են և որը ամեն օր շարունակ զբաղւած է «ինչու» և «ինչից է» հարցերով: Մանուկն ու հեքիաթը անբաժան զոյգ են, և Յակոբ Գրիմմը բոլորովին իրաւունքի է, կոչելով հեքիաթը «պահապն-հրեշտակ», որ մանկանը ուղեկից է տրւած կեանքի արշալոյսին:
Բայց, ինչպէս որ յաճախ է պատահում կեանքում, հեքիաթի իչար գործածելը բողոքներ է յարուցել հէնց իրեն հեքիաթի դէմ և դրդել է կասկածով վերաբերւել նրա պիտանի լինելուն ընդհանրապէս: Խօսք չը կայ որ անթիւ անհամար հեքիաթներով լցնել մանկան գլուխը լաւ չէ, ինչպէս լաւ չէ և քաղցր թխւածքներ շարունակ տալ հա տալ: Եւ ինչպէս սովորական կերակուրը, այնպէս ել հեքիաթը - աւելի լաւ է ՏՆԱՅԻՆԸ, ՀԱՐԱԶԱՏԸ, անարւեստը: Այս հեքիաթը շատ աւելի լաւ կը իւրացնի, քան թէ օտարամուտը, անհարազատը:
Նախ և առաջ պէտք է խոյս տալ օտարն ու հայրենին անխտիր խառնելուց: Միգ վախենալ կերակրել երեխային միևնոյն պարզ, անարդար ժողովրդական հեքիաթով օրէցօր, մինչև որ անգիր կանի և ինքը կը թելադրի ձեզ խոսքերը, եթէ դէմ ընկնէք կամ սովորական ձևով չը պատմէք: Այդպիսի կրկնութիւնը ոչ միայն վարժեցնում է յիշողութիւնը, սրելով նաև հասկացողութիւնը, այլ և պատճառում է երեխանյին մի յատուկ ուրախութիւն - սպասելու և ճանաչելու առանձնապէս դուր եկող միջնադէպերը: Մի առանձին հրճւանք է միշտ առաջացնում միևնոյն խօսքերի կրկնւող շարահիւսութիւնը, որը պատահում է մի քանի ամենապարզ հեքիաթների մէջ:
Իսկ եթէ այնուամենայնիւ երեխայի մէջ կը զարգանայ մի առանձին ագահութիւն դէպի հեքիաթներ, կայ մի գեղեցիկ միջոց դրա դէմ - այդ միջոցը ժիժի անող հեքիաթներն և հեքիաթի յաւելումներն են: Նրանք իսկոյն երեխային փոխադրում են երևակայական աշխարհից իրականը և հրաշալի միջոց են ժամանակին կանգնեցնելու և մի քիչ ախորժակը խլելու հեքիաթամոլ քաղցրասէրից: Բայց բաւական չէ չափաւոր լինել հեքիաթ պատմելու մէջ, պէտք է դեռ ևս ջոկել և մաղել նրանց: Կան բազմաթիւ հեքիաթներ, որոնք բոլորովին անպէտք են մանուկների համար, և ոչ բոլորն են համապատասխանում նրանց հասակին: Օրինակ, անհրաժեշտ է զգոյշ լինել այնպիսի հեքիաթներ ընտրելիս, որոնք երեխաների մէջ երկիւղ կամ սաստիկ կարեկցութիւն են առաջացնում, ինչպէս են «Կարմիր գլխարկի» կամ «վիշապների» հեքիաթները:
Փոքրիկ երեխաների համար յարմարագոյն հեքիաթներն են առհասարակ ժողովրդական հեքիաթները և մանաւանդ կենդանական վէպը: Մանուկը առանձին հակում ունի դէպի կենդանիները, որոնց կեանքն ու հոգեկան աշխարհը այնպէս պարզ, հասարակ, բնորոշ և հասկանալի են: Դրա համար է որ մանկական երգերը, առակները, կատակները, ասացւածքներն ու հեքիաթները իրենց նիւթն առնում են կենդանիների կեանքից: Կենդանիները խօսում, գործում են մարդկանց պէս, բայց և պահանջում են իրենց առանձնայատուկ կենդանական գծերը: Կենդանականի և մարդկայինի այդ խառնուրդն է որ լինելով կենդանական վէպի հիմք, առանձին հրապոյր է ներկայացնում մանկան համար: Ինչպէս երեխան չը հրճւի տեսնելով թէ ինչպէս աղւէսը, պահպանելով իր ցեղի իսկական առանձնահատկութիւնները, - խորամանկութիւնը, նենգութիւնը, սէրը դէպի հաւի կամ վայրի թռչունի միսը, - խօսում է ամենասովորական բաների մասին, հրաւէր ընդունում և գնում խնջոյքի կամ հարսանիքի, քնում է տախտի վրա, պոչը պահում է տախտի տակ, կամ ինչպէս գայլը պոչով ձուկ է որսում գետում և այլն: Այս ամենը հէնց երեխայի ճաշակովն ու խելքովն է:
Պէտք է սկսել ամենակարճ, ամենապարզ հեքիաթներից, որոնք ամենից մօտիկ են առաջին երգերին, հանաքներին և ասացւածքներին, և հետզհետէ անցնել աւելի երկարներին ու բարդերին:
Չը պէտք է վախենալ բուն ժողովրդական երևակայական հեքիաթներից: Ճիշտ է, վերևանց նայողի աչքում նա կերևայ երևակայութեան ամենաազատ, քմահաճ և կայտառ խաղ, որ տակն ու վրա է անում իրականութեան հանգամանքները: Բայց երեխան բնազդմամբ ըմբռնում է նրա էութիւնը և ներշնչւում է, ինչպէս վերև ասացինք, կեանքի ընդհանուր կապի սաստիկ զգացմունքով, մարդիկ դառնում են կենդանիներ, կենդանիները մարդ, կենդանի ու բոյսը մարդու կողքին են կանգնում, որպէս նրա հաւատարիմ ընկերներն ու օգնականները: Աւելացրէք սրա վրա նաև պարզութիւնը, ներքին ճշմարտութիւնը և պատկերների թանձրութիւնը, որոնք, չը նայելով հեքիաթի պարունակած հրաշալի տարրին, գործում են իրականութեան ճնշիչ տպաւորութիւն: Ընդհանուր տրամադրութիւնը այնպէս ուժեղ է լինում, հրաշալին այնպէս խճուղւած է լինում իրականութեան ամենաթարմ, անմիջական գծերի հետ, որ այդ գծերի ռեալական ճշմարտութիւնը ձուլիում է իրեն հեքիաթի` այնպէս ճշմարիտ երևացող տարրերի հետ և աւելի ևս սաստկացնում է այն տպաւորութիւնը, որ անում է մանկան վրա հեքիաթի գաղափարի ներքին ճշմարտութիւնը:
Հենց այդ ներքին ճշմարտութիւնն է հեքիաթի գլխաւոր ուժը կազմում: Սրա շնորհիւ է որ հեքիաթը մի տեսակ ընդհանուր սեփականութիւն է հանդիսանում և հաւասարապէս հասկանալի է բոլորի համար: Նա չի ծանաչում տեղի կամ ժամանակի դրած կապանքները: Ասւում է միայն «եղել է չի եղել» կամ «մեզնից շատ տարի առաջ»: Գործող անձինք և գործողութեան տեղը մեծ մասամբ յատուկ անուններ չեն ունենում, իսկ եթէ ունենում են էլ, դրանք լինում են ամենասովորական, ամենագործածական կամ թէ զուտ երևակայական մականուններ: («Թռչիւն տղայ, Մօթալ, Հանէս, Այծատուր, Եղեգնուհի»):
Իսկական ժողովրդական հեքիաթը արտացոլում է մարդկային կեանքը, - ճշմարիտ` աւելի շուտ ընդհանուր, հիմնական գծերով, քան թէ ամբողջ մանր մունր զանազանակերպութեամբ, - և ընդգրկում է բոլոր հասկաները: Նա հաւասար սիրով խոսում է և թագաւորի ու թագուհու, և քաջ արքայորդու, անվեհեր փահլևանի, և հասարակ գիւղացու, և գող աւազակի, և աղքատ ու հարուստի, և հայր ու որդու, և մարդ ու կնոջ, և յիմար ու խելօքի, և բարի ու չարի, և գեղեցիկ ու տգեղի մասին: Բայց միայն մարդկային գոյութիւնը չէ որ նա ընդգրկում է: Ոչ միայն մեծ կամ փոքր բան չըկայ, որ նա իր պատմւածքի մէջ հիւսելիս չը լինի: Հեքիաթի լայն շրջանակի մէջ տեղ են գտնում և գործում են թէ սուրբ նահատակները, թէ սատանաները, թէ վիշապները, թէ ինքը մահը, թէ թռչունները, թէ մեղուները, թէ ամեն տեսակ ճիճուները, և նոյն իսկ անշունչ առարկաները: Բարդ բնաւորութիւններ հեքիաթը չի սիրում, ինչպէս և չի սիրում չափազանց խորիմաստ հանգոյցներ, խճճւած դրութիւններ, կամ նեարդները խիստ լարող միջնադէպեր: Չը նայելով նրա մէջ կատարւող գործողութեան հրաշալի լինելուն, նա կատարւում է սաստիկ պարզ, բնական կերպով:
Մենք հէնց սկզբից գիտենք թէ ինչպէս է բանը վերջանալու: Չար, նախանձոտ եղբայրներն և քոյրերը ամօթահար պիտի լինեն, մոխրատիտիկը և հեզ քոյրիկը ստանալու են իրենց պարզասրտութեան և անչարամտութեան վարձը. ճնշւած, հալածւած խորթ աղջիկը ստանալու է աշխարհի ամեն բարութիւն, իսկ երես առած, ինքնահաւան աղջիկը խիստ պատժւելու է և այլն: Ամեն տեղ պարզութիւն, որոշութիւն, ոչ մի չասւած, մութ մնացած, ծուռ բան: Այս է գլխաւորապէս որ հեքիաթը դարձնում է «մանկական» վիպասանութիւն: Նա ինքը` մանկական թագաւորութեան բարմունքն է, այն էլ մի այնպիսի թարմացնող, սրտագրաւ բուրմունք, որ ընդունակ է նորից մանուկ դարձնելու և կրթւած մարդուն, և ծերունուն: Մանկութիւնից ծանօթ և հարազատ հեքիաթը ցոյց է տալիս մեզ կեանքը այնպէս, ինչպէս որ նրան հաւատում է մանուկը, ուր բարին միշտ յաղթանակում է, իսկ չարը յաղթահարւում, ուր խելքն և հեզութիունը միշտ յաղթում են յիմար մեծամտութեանը, ուր` ինչոր լրջօրէն և յամառութեամբ ցանկանում ենք, անպատճառ ձեռք ենք բերում և ուր ոչ մի այնպիսի հրաշալի բան չը կայ, ինչ որ վաղը չը կարողանար իրականութիւն դառնալ:
Զարմանալի չէ որ Լուտերը մէկ ամգամ այս կարծիքն է յայտնել. «Ես աշխարհիս ոչ մի բարիքի հետ չէի փոխի այն հեքիաթները, որ լսել եմ մանկութեանս ժամանակ»:
Արդէն այս թռուցիկ բնորոշման մէջ երևան են գալիս ժողովրդական հեքիաթի մի շարք առանձին գծեր, որոնք ահագին նշանակութիւն ունեն մանկան հոգեկան զարգացման համար: Ամենից հեշտն է գուցէ այդ գծերը երեք դասի բաժանել. 1) բարոյական, 2) գեղարւեստական և 3) ազգային - հայրենասիրական նշանակութիւն ունեցող գծեր:
Առաջին դասի գլխաւոր գծերը ես համարում եմ` մշտական և ակներև գերադասութիւնը, որ հեքիաթը տալիս է մարդուս ներքին արժանիիներին համեմատած արտաքին, ցուցական կողմերի հետ, և այն նշանակութիւնը, որ տրւում է, այդ պատճառով, շատ բաներին, ինչ որ ըստ երևոյթեն չնչին ու աննշան են. ապա խորին արդարամտութեան զգացմունքը, որ հաւասար, անաչառ կերպով է վերաբերւում ամենքին և ամեն բանին. բնութեան խորին ըմբռնումը, բոլոր արարածների ներքին, կենսական կապի զգացումը և աներկիւղ, վեհ հեգնութիւնը: Այս ամենի վրա պէտք է աւելացնեմ և այն, որ ամեն բան, ինչ որ իրօք յափշտակում է և առաջացնում է մէր անկեղծ կարեկցութիւնը, ոչ միայն կենդանացնում, արթնացնում է հոգեկան ուժերը, այլ և զարգացնում, վարժեցնում է նրանց և թողնում է այնպիսի տպաւորութիւններ, որոնք կը շարունակեն ազդել մարդու վրա և իր ժամանակին գործողութիւններ կը դառնան: Հեքիաթի բարոյական նշանակութեան հետ սերտ կապւած է նրա գեղարւեստական և ազգային հայրենասիրական նշանակութիւնը. այդ բոլոր երեք կողմերը դժւար է նոյնիսկ իրարից բաժանել, ժողովրդական հեքիաթի գեղարւեստական գծերի մէջ նախ և առաջ պէտք է մատնանիշ անել - երևակայութեան հարստութիւնն թւ թարմութիւնը, վարպետ արտաքին ձևն ու հրաշալի, ճկուն, արտայայտիչ լեզուն, տիպարների մաքրութիւնն ու պայծառութիւնը, պատմելու եղանակի անկեղծութիւնն ու ամեն տենդենցիայի, նախամտածւած գաղափարի և չոր ու ցամաք խրատի բացակայութիւնը - խրատը թագնւած է լինում հեքիաթի մէջ, ինչպէս նիւթը պտուղի մէջ:
Հեքիաթի-ազգային-հայրենասիրական նշանակութիւնը կախւած է արդէն վերև բերած երկու տեսակ գծերից շատերից: Առաջին տեղն են բռնում - բնորոշ տիպարները, որ ժողովրդական իդէալներն են մարմնացնում կամ ազգային ոգու զանազան յատկութիւններն են անձնաւորում. այնուհետևէ մայրենի բնութեան և բարք ու վարքի պայծառ, կենդանի պատկերները, որոնք երեխային մօտեցնում են հարազատ իրականութեանը և հող են պատրաստում նրա ապագայ գիտակցական հայրենասիրութեան համար:
Բայց հեքիաթի խորին ազգային - հայրենասիրական նշանակութիւնը այն բանի մէջն է, որ նա դարերի ընթացքում ողորկւել է հազարաւոր պատմողների բերանով, մաղւել է սերունդէ սերունդ, այնպէս որ ամեն պատահական, անհատական բան նրա միջից դուրս է ընկել և մնացել են միմիայն գլխաւոր, խոշոր գծերը, որոնք բնորոշում են ազգութիւնը: Հեքիաթը մի տեսակ հաւաքական լուսանկարն է ազգի, ազգային պատկերն է, ինչպէս լինում են հաւաքական ցեղային պատկերներ. մօր, հօր և որդոց լուսանկարները տպագրելով պապի, տատի և այլն լուսնկարների վրա` ստանում ենք ԸՆՏԱՆԵԿԱՆ տիպար, ոչ թէ անհատական դեմք: Այսպէս և ժողովրդական հեքիաթի մէջ առանձին պատմողների գծերը - թէ պատմելու ձևի և թէ իդէալներին վերաբերւելու եղանակի տեսակետից - ձուլւել են և կազմել են մի տիպիկական դեմք և մշակւել է մի ընդհանուր ազգային պատկեր:
*********
Այս կրթական - դաստիարակչական մանկական բանահիւսութեան վերջին յօդը կազմում են հանելուկները: Սրանք աւելի քան նախորդ տեսակները դիմում են մանկան խելքին ու սրամտութեանը, պահանջելով որոշ չափի մտաւոր հասունութիւն և կարծես պատրաստելով նրան անցնելու դպրոցական շրջանին:
Հնում հանելուկները յայտնի չափով բռնում էին դպրոցական վարժութեան տեղ, մանաւանդ զուտ մտաւոր զարգացման տեսակետից: Մեր ծերունիներից շատերը մեծ սիրով յիշում են այն երեկոները, երբ տանեցիք հաւաքւելիս էին լինում ճրագի շուրջը կամ բախարու առջև, ամեն մէկը իր աշխատանքը ձեռքին, և հայրը` չիբուկը փշշացնելով, տալիս էր ընտանիքի կրտսեր անդամներին զանազան հանելուկներ և խրթին հարցեր, աշխատելով միևնոյն ժամանակ շփոթեցնել նրանց, խճճել: Իսկ որը մտաւոր մարզանքի դաս էր:
Հանելուկի նպատակն է մտքի մարզանք կամ գիտութեան վերաստուգում: Նիւթը նա առնում է շրջապատող բնութիւնից և կեանքից և լուծելու համար հետևապէս պահանջում է սրամտութիւն և երևակայութիւն: Հանելուկի վառ պատկերաւորութիւնը, առարկաների կտրուկ, հակասութիւններից հիւսւած բնորոշութիւնը երեխաների աչքն են բացանում և ցոյց են տալիս առարկաների շատ և շատ նոր յատկութիւններ, ներկայացնում են նրանց աւելի սաստիկ, աւելի պայծառ կերպով, քան թէ երեխաները սովոր են տեսնելու: Իսկ այն աշխատանքը, որ հանելուկը տալիս է մտքին, ինքնըստինքեան այնքան ուրախ, գրաւիչ է, այնքան գրգռում է մտաւոր եռանդը, որ հանելուկը անկարելի է չը համարել մի բարենպաստ գործօն երախայի առողջ, բազմակողմանի մտաւոր զարգացման համար: Երեխայի ուշադրութիւնը մէկ անգամից յափշտակւում է այդ ֆօկուս-մօկուսներով, ածականների այդ խաղով, ամենաանսպասելի զուգադրութիւններով և հրաշալի, իսկ-որ հեքիաթական եզրակացութիւններով: Հանելուկը զարմանալի յատկութիւն ունի միացնելու աշխատանքը զւարճութեան հետ, վարժեցնելու բանականութիւնը` միաժամանակ վարժեցնելով և երևակայութիւնը, ձուլելու վերացականը և իրական-շօշափելին, ռէալականն ու հրաշալին. նա հանդիսանում է մի փոքրիկ նմուշ ուսուցման ամենակատարեալ եղանակի - արագ, մէկ անգամից տիրանալ մանկան ուշադրութեանը, ամուր և վառ կերպով տպաւորել գիտոիթիւնը նրա յիշողութեան մէջ, սրել անվարժ հայեացքը և հնարաւորութիւն տալ լիովին վայելելու աշխատանքի բերկրանքն ու դժւարութեանը յաղթելու քաղցրութիւնը: Եւ երեխաների առհասարակ ոչ միայն խոյս չեն տալիս այն մտաւոր լարումից, որ պահանջում է հանելուկի լուծումը, այլ, ընդհակառակը, հազիւ թէ մի ուրիշ մտաւոր զբաղմունքով այն աստիճան հետաքրքրւում են և սիրում են, քան թէ հանելուկներն են, - եթէ միայն նրանք հիւսւած են մանկան ծանօթ կեանքի պայմաններիցԺողովրդի մէջ տարածւած է բազնաթիւ հրաշալի («առասպելական») հանելուկները այդ պատճառով անյարմար են քաղաքացի մանուկների համար: այդ հենելուկների համը նրանք չեն կարողանում հասկանալ և ինչպէս հարկն է վայելել, քանի որ չեն ունենում կենդանի, անմիջական տպաւորութիւններ` բնութիւնից և ռամիկ ժողովրդի կեանքից քաղւած:):
Նախ` հնարաւորութիւն ունենալ սեփական մտաւոր ուժերը փորձելու, այն էլ` անակնկալներով հարուստ ասպարէզում, այնուհետև, երբ հանելուկի իմաստը գտնւած է, տեսնել, թէ ինչոր այնքան առասպելական, զարմանալի, անկարելի էր համարւում, իսկապէս կայ և ամենաբնական գծերն ունի, - միթէ այս ամենը չի կարող յափշտակել, գրաւել, զարգացնել մանկան և սէր ներշնչել դեպի մտաւոր լարումը:
Վերձնենք ժողովրդական բանաստեղծութեան գանձարանից մի քանի հանելուկ, իբրև օրինակներ, համախմբելով դրանց համաձայն այն բանին, թէ ինչին են դրանք վերաբերում. - բնութեանը ընդհանրապէս, կենդանական աշխարհին, մարդուն թէ ընտանեկան նիստ ու կացին Օրինակները վերցրել են հայկական հենելուկներից:)
1. Ծովից կելնի, ծով կը մտնի, հարիւր տեսակ ռանգ ունի, ամեն օր` կուլ կը տայ, հազարից մէկ` վեր կուտայ (ամպ). - Մանր մանր եկեղեցի, դանակով զարկի` դուռը բացի, մտայ ներսը համբուրեցի, քարերը դէն թափեցի (ձմերուկ): - Էն ինչ է. - նիւթ չունի, շուտ կը վազի - ոտ չունի. բռնողին օգուտ չունի. (ստւեր): - Սէլով փէտ` կացին չի դիպել, թօփով ատլաս` մկրատ չի տեսել, ջւալով ալիւր` ջաղաց չի մտել (փշատ): - Ուն ունի, բուն ունի, կաքաւի պէս` կտուց ունի (սիսեռ): - Մի տուն ունեմ` մ`կ սիւնանի, հարիւր հազր տախտակ ունի (սունկ): - Պառաւը կանգնել է առւին, քառասուն կարկատան կրծքին (կաղամբ):
2. Թագավոր ունեմ հնոց նորոց, գլուխն ունի` ոսկէ քորոց, ելաւ կանչեց ննջելոց, Քրիստոս յարեալ ի մեռելոց (աքաղաղ): - Սև է սաթի նման, սպիտակ է կաթի նման, պոչը խաչերկաթի նման (կաչաղակ): _ Կերթայ կուգայ` հետք չունի, ետ կը դառնայ` թոզ չունի, թռչուն է ` բայց թև չունի, գոմէշ է` սմբակ չունի (օձ): - Լարը քաշեմ, սարը ժաժ գայ (ուխտ):
3. Երկնքից մէկ մարդ իջաւ, փայտէ ձին տակը, օրը երկու գառ կուտի, բայց էլի չի կշտանայ (մանուկը օրօրոցի մէջ): - Օր ու գիշեր չի քնի, մարդու մօտ քիչ կը կանգնի, ինչքան էլ կուզես վազի, ետևիցը չես հասնի (միտք): - Մէկ ձմերուկ կայ, օխտը ծակ ունի (գլուխ):
4. Էստեղ պուպուզ, էնտեղ պուպուզ, դռան ետևը կուկուզ (ավել): - Հոգի չունի` կը խոսի, ձեռներ չունի` կածխատի անգլուխ է, անոտ է, ինչ որ իրան` տաս կուտի (գրիչ): - Սարից կուգայ սլվլալէն, ոսկէ բեխեր պլպլալէն (գերանդի): - Ածեցի ածմծեցի, բկիս ծակին դէմ արեցի (հաց): - Չորս ախպէր են մէկ վերմակի տակ (քուրսի): - Կապեմ կերթայ, արձակեմ կը կանգնի (տրեխ):
Հնումը շատ էին տարածւած մի առանձին տեսակ հանելուկներ - խրթին հարցեր, որոնք մեր ժամանակներում հետզհետէ աւելի և աւելի կորցնում են իրենց նշանակութիւնը: Մանուկը ստանում է իր գիտութիւնը գլխաւորապէս դպրոցի միջոցով, և այդ տեսակ հանելուկները, որոնցով աւելի շուտ երեխայի գիտութիւնն էին չափում, քան թէ նրա խելքը, հետզհետէ արագ անհետանում են, քանի աւելի առհասարակ շատանում է գիտութիւնների պաշարը:
Խրթին հարցերը մեծ մասամբ ենթադրում էին որ մանուկը ունի բաւականաչափ տեղեկութիւններ գիտութեան այս կամ այն ճիւղից: Ի նկատի ունենալով այն, թէ ինչ էր հնում գիտիւն համարւում, այդ հարցերը վերաբերում էին գլխաւորապէս սրբազնան պատմութեանը և հաշւին: Այդ հարցերով ծնողները փորձում էին թէ որ չափ հիմնաւոր կերպով են երեխաները անցել սրբազան պատմութիւնը և թէ արդեօք թւաբանական պարապմունքները զարգացրել են նրանց մէջ հաշիւ անելու գործնական ընդունակութիւնը: Առաջին տեսակի հարցերիցն են օրինակ`. «Երկինքը հով, գետինը ծով. ինչպէս եզ էր, որ բերեց կով» Ադամ): - «Փայտէ բալնիք, ձրի կողպեք, որսը փախաւ, որսորդը բռնւաւ» (կարմիր ծովը և իսրայելացիք): Իսկ երկրորդ տեսակի հարցերն են` օրինակ. «երկու հայև, երկու որդի, պապն ու թոռը գնացին որսի, երեք կխտար սպանեցին և իրար մէջ հաւասար բաժանեցին, էնպէս որ ամեն մէկը մի մի կխտար ստացաւ: Էտ ոնց էր» (երեքով էին - պապը, որդին և թոռը): Կան և բնապատմական միտք ունեցող հարցեր. «Այն ինչն է, որ աշխարհի ստեղծագործութիւնից ապրում է, բայց խորս շաբաթականից մեծ չէ» (ամիս):
Այժմ քիչ թէ շատ նշանակութիւն ունեն երկրորդ տեսկի հարցերը, կատակ և երկմիտ հարցերը, որոնց նպատակն է շփոթեցնել, խճճելԱյս տեսակ հանելուկ հարցերիցն են`. «Հարիւր կաքաւ տեսայ, մէկին սպանեցի. քանիսը մնաց» (մեկը, մնացածները փախան): «Ինչիցն է սագը լող տալիս» (ափից): «Ինչպէս մէկ տառով գրենք միս» (ս):):
Այսպէս ուրեմն, ով որ կամենում է իմանալ թէ ինչպէս էին կրթում և սովորեցնում հնում, պէտք է դիմի ժողովրդական հանելուկների և խրթին հարցերի հարուստ պաշարին. նրան կը զարմացնի ուսուցման և կրթութեան հին, գիւղացի պապերից ժառանգած եղանակը. նա կը համոզի թէ որքան միջոցներն ու նպատակները յարմարեցրած են էին ժամանակի պայմաններին և պահանջներին, կը համոզւի ժողովրդի իսկոր հանճարեղ մանկավարժական իմաստութեան մէջ, որից վատ չէր լինի որ փոխ առնէին մեր ժամանակակից մանկավարժները:
********
Չի կարելի մանակակն բանաստեղծութեան աշխարհում տեղ չը տալ նաև մանկական խաղերին:
Խաղերի կրթական դաստիարակչական նշանակութիւնը աւելի փոքր չէ, քան թէ մանկական երգերի, կատակների, ասացւածքների, հեքիաթների և հանելուկների, գուցէ նոյնիսկ աւելի է: Քանի աւելի է աշխատանքի բաժանումը կեանքի մէջ պահանջում, որ դպրոցը տայ աւելի ու աւելի գիտութիւն, խաղը հետզհետէ դառնում է աւելի և աւելի մանկան բնական, անհրաժեշտ պահանջ, որպէս ուսման մի հակակշիռ զբաղմունք, և աչքի առաջ ունենալով, ոչ միայն ֆիզիկական զարգացումը, որը` դպրոցական ուսուցման շնորհիւ, ամենքին միատեսակ ձևի վերածող եղանակի շնորհիւ աւելի շուտ ընդհատում խանգարում է, քան թէ դիւրացւում: Սաղմնային դրութեան մեջ գտնւող մանկական անհատական յատկութիւնները արձակ ելքի, ազատութեան պէտք ունեն. այդ ազատութիւնը, գրեթէ անսահման ազատութիւնը նրանք գտնում են խաղերի մէջ: Խաղը երեխայի համար նոյնն է, ինչ որ կեանքը հասակաւորի համար: Խաղի մէջ մանուկը վարժեցնում և զարգացնում է իր արիութիւնը, հնարագիտութիւնը, գործունէութեան և ստեղծագործութեան փափագը, օրինականութեան, կարգապահութեան, արդարամտութեան, անձնւիրութեան զգացմունքը, և այս ամենը վարժեցնում և զարգացնում է ամենալաւ կերպով, այսինքն յօժարական, ազատ, ինքնքկրթութեան ճանապարհով:
Ծ. թարգմ.
Հեղինակը այստեղ յայտնի չէ թէ ինչու ոչինչ չէ ասում ժողովրդական մանկական բանաստեղծութեան մի այլ ճիւղի մասին, որը ոչ պակաս կարևոր նշանակութիւն ունի մանկան սկզբնական դաստիարակութեան համար, այն է` առածների, ասւածքների և շուտասելուկների մասին: Առակներն և ասւածքները իրենց մէջ պարունակում են ժողովրդական իմաստութեան մի անսպառ պաշար, որ դարէ դար անցել է և բիւրեղացած բառական ձևակերպութիւն է ստացել: Ժողովրդական լեզւի լաւագոյն յատկութիւնները մանաւանդ դրանց մէջ են դրոշմւած: Միւս կողմից` շուտասելուկներն էլ աչքի առաջ ունեն մի մեծ մանկավարժական նպատակ - այն է զարգացնել և վարժեցնել ձայնական գործարանները, թլպատութեան և կակազութեան առաջն առնել և նպաստել արագախոսութեան:
Չը նայելով որ այսպիսի ահագին նշանակութիւն ունի ժողովրդական բանահիւսութիւնը մանուկ սերունդի դաստիարակութեան համար, այնուամենայնիւ մեր հայկական մանկական գրականութեան մէջ դեռ չէնք կարողացել հարկաւոր չափով օգտւել այդ աղբիւրից: Մինչև օրս եղել են մի երկու այդպիսի փորձեր, գլխաւորապէս Ղ. Աղայեանի ձեռքով, որոնք մտել են մեր բոլոր դպրոցական դասագրքերի մէջ: Հայ դաստիարակը ստիպւած է օգուտ քաղել առաւելապէս այն հում նիւթերից, որ ցրւած են զանազան ազգագրական հրատարակութիւնների մէջ, օրինակ, բացի պ. Ե. Լալայեանի «Ազգագրական հանդէսից», նաև պ. Տիգր. Նաւասարդեանի «Ժողովրդական հեքիաթներ» 10 գրքոյկների, Գ. եպ. Սրւանձտեանի գրւածքների, «էմինեան գրադարանի» մէջ: Մշակւած հեքիաթներից ունենք Ղ. Աղայեանի հեքիաթները (պատկերազարդ) և Ս. Քամալեանի հեքիաթները: Իսկ երգերի, առակների, առածների, շուտասելուկների մշակումը լրջօրէն չի ձեռնարկւած: